AMCA-ի ներկայացուցիչները մասնակցել են Թբիլիսիում կայացած GIAC Arbitration Days 2026 միջազգային համաժողովին
2026 թվականի հոկտեմբերի 15–16-ը Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի (AMCA) ներկայացուցիչները մասնակցել են Թբիլիսիում կայացած «GIAC Arbitration Days 2026» միջազգային համաժողովին, որը կազմակերպել էր Վրաստանի միջազգային արբիտրաժային կենտրոնը (GIAC)։
Համաժողովը համախմբել էր տարբեր երկրների արբիտրաժային հաստատությունների ներկայացուցիչների, միջազգային իրավաբանների, արբիտրների և ոլորտի փորձագետների՝ քննարկելու միջազգային արբիտրաժի արդի զարգացումները, գործնական մարտահրավերներն ու մասնագիտական համագործակցության ընդլայնման հնարավորությունները։
Համաժողովի ընթացքում անդրադարձ է կատարվել միջազգային արբիտրաժի մի շարք արդիական հարցերի, այդ թվում՝ արտակարգ արբիտրաժի առանձնահատկություններին, ներդրումային արբիտրաժում արբիտրային տրիբունալների ձևավորմանը, ինչպես նաև արբիտրաժային վարույթներում արհեստական բանականության կիրառման հնարավորություններին և մարտահրավերներին։
Հոկտեմբերի 16-ին Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի տնօրեն Լիլիթ Պետրոսյանը որպես բանախոս մասնակցել է «Կամուրջների կառուցում. ինստիտուցիոնալ համագործակցություն տարածաշրջանների միջև» խորագրով պանելային քննարկմանը։
Քննարկումը կազմակերպվել էր Կովկասի և Կենտրոնական Ասիայի արբիտրաժային նախաձեռնության (The Caucasus and Central Asia Arbitration Series), Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի (SCC Arbitration Institute) և Andersen-ի համատեղ նախաձեռնությամբ։
Պանելային քննարկմանը մասնակցել են Կովկասի, Կենտրոնական Ասիայի և Եվրոպայի արբիտրաժային հաստատությունների ներկայացուցիչներ և ոլորտի մասնագետներ։ Քննարկման առանցքում էին տարածաշրջանների միջև ինստիտուցիոնալ համագործակցության զարգացման հնարավորություններն ու մարտահրավերները, միջազգային լավագույն փորձի փոխանակումը, ինչպես նաև արբիտրաժի նկատմամբ վստահության ամրապնդումը։
Համաժողովի շրջանակում AMCA-ի ներկայացուցիչները մասնակցել են մասնագիտական քննարկումներին, ծանոթացել միջազգային արբիտրաժի ոլորտում առկա զարգացումներին և փորձի փոխանակման հնարավորություն ունեցել միջազգային գործընկերների հետ։