AMCA-ի ներկայացուցիչը մասնակցել է Ստամբուլում կայացած ՎԱԼ կենտրոնների զարգացման և ֆինանսական կայունության վերաբերյալ տարածաշրջանային աշխատաժողովին
2026 թվականի հոկտեմբերի 5–7-ը Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը (AMCA)՝ ի դեմս Կենտրոնի գործերի կառավարիչ Արսեն Ենգիբարյանի, մասնակցել է Ստամբուլում կայացած «ՎԱԼ կենտրոնների գործարար զարգացում և ֆինանսական կայունություն» (ADR Center: Business Development & Financial Sustainability) խորագրով տարածաշրջանային աշխատաժողովին։
Եռօրյա միջոցառումը կազմակերպվել և հովանավորվել էր ԱՄՆ առևտրի նախարարության Առևտրային իրավունքի զարգացման ծրագրի (CLDP) կողմից։ Այն համախմբել էր արբիտրաժային և հաշտարարական ինը հաստատությունների ներկայացուցիչների՝ փորձի փոխանակման, ինստիտուցիոնալ զարգացման և երկարաժամկետ կայունության ապահովման գործնական մոտեցումների քննարկման նպատակով։
Միջոցառման շրջանակում միջազգային փորձագետները ներկայացրին իրենց գիտելիքները, մասնագիտական փորձը և միջազգային լավագույն մոտեցումները՝ անդրադառնալով ՎԱԼ կենտրոնների ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդմանը, մրցունակության բարձրացմանը և գործունեության արդյունավետության բարելավմանը։
AMCA-ի մասնակցությունը CLDP-ի հետ շարունակական համագործակցության հերթական քայլն էր, որի շրջանակում Կենտրոնի ներկայացուցիչները 2026 թվականի մայիսին մասնակցել էին Ստամբուլում կայացած Վեճերի լուծման գլոբալ համաժողովին։ Բացի այդ, CLDP-ն հանդես էր եկել որպես «Հայկական արբիտրաժային օրեր 2026» միջազգային համաժողովի հովանավոր։ Այս նախաձեռնություններն արտացոլում են երկու հաստատությունների շարունակական համագործակցությունը՝ ուղղված վեճերի այլընտրանքային լուծման մեխանիզմների զարգացմանը, մասնագիտական կարողությունների ամրապնդմանը և միջազգային փորձի փոխանակմանը։
Աշխատաժողովին մասնակցությունը Կենտրոնի համար ևս մեկ կարևոր հնարավորություն էր՝ ընդլայնելու տարածաշրջանային մասնագիտական կապերը, փոխանակելու ինստիտուցիոնալ փորձը և ծանոթանալու միջազգային լավագույն մոտեցումներին, որոնք կարող են նպաստել Կենտրոնի հետագա զարգացմանը։
Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը շարունակում է կարևորել միջազգային համագործակցությունը, մասնագիտական փորձի փոխանակումը և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը։