Եռօրյա հաշտարարության դասընթաց Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնում (AMCA)
2026 թվականի հուլիսի 15–17-ը Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնում (AMCA) կազմակերպվել է հաշտարարության հերթական՝ թվով երրորդ եռօրյա դասընթացը։ Դասընթացը կազմակերպվել էր՝ հաշվի առնելով հաշտարարության ոլորտի ընդլայնումը և դրա նկատմամբ շարունակաբար աճող հետաքրքրությունը։
Դասընթացի նպատակն էր մասնակիցներին համակողմանիորեն ներկայացնել հաշտարարության էությունը, հիմնարար սկզբունքները և իրականացման ընթացակարգերը՝ տեսական գիտելիքները համադրելով գործնական աշխատանքի հետ։
Դասընթացի առաջին օրը Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի տնօրեն Լիլիթ Պետրոսյանը և հաշտարար Զարուհի Պապոյանը ներկայացրել են «Հաշտարարության էությունը», «Հաշտարարը և նրա դերը», «Ինչպե՞ս դառնալ հաշտարար» և «Հաշտության համաձայնությունը դատական կարգով հաստատման ներկայացնելու ընթացակարգը» թեմաները։
Քննարկվել են հաշտարարի չեզոքության, անկախության և անկողմնակալության կարևորությունը, ինչպես նաև Կենտրոնի դերն այդ հարցում։
Դասընթացի երկրորդ օրը նվիրված էր հաշտարարության իրավական և գործնական առանցքային հարցերին։
Իրավաբան, հաշտարար և հաշտարարների հավաստագրված վերապատրաստող Նատալյա Ադամյանը ներկայացրել է «Հաշտարարության սկզբունքները և հաշտարարության իրականացումը» և «Հաշտության համաձայնության կազմումը» թեմաները։
Հաշտարար, փաստաբան, «Անդրոմեդա» փաստաբանական գրասենյակի հիմնադիր տնօրեն Սյուզաննա Պողոսյանն անդրադարձել է «Պարտադիր հաշտարարությունը և դրա առանձնահատկությունները ամուսնաընտանեկան վեճերով» թեմային՝ ներկայացնելով այդ ոլորտում հաշտարարության կիրառման առանձնահատկությունները և կիսվելով իր գործնական փորձով։
Դասընթացի երրորդ օրը կենտրոնացած էր հաշտարարության հոգեբանական բաղադրիչների, մարդկանց վարքագիծը հասկանալու և արդյունավետ հաղորդակցություն ձևավորելու հմտությունների զարգացման վրա։
Հոգեբանական գիտությունների թեկնածու, դասախոս, սոցիալական ոլորտի փորձագետ Ինգա Հարությունյանը ներկայացրել է «Հաշտարարության հոգեբանություն․ մարդկանց հասկանալու և արդյունավետ հաղորդակցվելու արվեստ» թեման։
Օրվա գործնական հատվածում անցկացվել է հաշտարարության սիմուլյացիոն դերախաղ։ Դրա ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունեցել գործնականում կիրառելու դասընթացի ընթացքում ձեռք բերած գիտելիքները, հանդես գալու հաշտարարի դերում և զարգացնելու հաղորդակցման ու վեճերի կառավարման հմտությունները։
Եռօրյա դասընթացն ուղեկցվել է մասնագիտական քննարկումներով, գործնական աշխատանքներով և հարցուպատասխանով։
Ծրագրի ավարտին մասնակիցներին հանձնվել են դասընթացին մասնակցությունը հավաստող հավաստագրեր՝ ամփոփելով եռօրյա ինտենսիվ ուսուցումն ու գործնական աշխատանքը։